Wednesday, 11 September 2013

Ջերմուկ “էկոնոմ” կամ Անմահական ջրերի աշխարհը

Էսօր թխվածքներից չեմ պատմելու ու գրածներիս մեջ համով բանի բաղադրատոմս չփնտրեք: Բայց եթե չվախենաք տեքստի չափերից ու որոշեք կարդալ, ապա կիմանաք, թե ոնց անցավ մեր արձակուրդը ժամանակին   համամիութենական առողջարանի կարգավիճակ ունեցող մի փոքրիկ քաղաքում :)
Եվ այսպես...


Ջերմուկ “էկոնոմ” կամ Անմահական ջրերի աշխարհը

Շա~տ երկար տառապեցինք, արձակուրդն անցկացնենք Ջերմուկում, թե գնանք Վրաստանի մի որևէ քաղաք: Մտածեցինք, գցեցինք բռնեցինք ու որոշեցինք` Ջերմուկ: Ես էնտեղ չէի եղել, հետո էլ Ջերմուկի “վսեսոյուզնայա զդռավնիցա” փառքը մեզ էլ էր հասել` արժեր տեսնել:
Կար երկու տարբերակ: Կարող էինք տուն կամ սենյակ վարձել, ինչը մեզ վրա անհամեմատ էժան կնստեր կամ էլ` գնալ առողջարան:
Ջերմուկ քաղաքն երկու մասից ա բաղկացած` Ձախափնյակ ու Աջափնյակ: Ձախափնյակում վարձով բնակարան կարելի ա գտնել անձը 4000-5000 դրամով, իսկ Աջափնյակում, որտեղ էլ հենց տեղակայված են բոլոր հյուրանոցներն ու առողջարանները, մեկ անձի համար սենյակի վարձը հասնում ա 7-8000 դրամի: Ավելի էժան էլ կա, եթե հարցը, բնականաբար,  ծանոթով լուծվի:
Էս տարբերակը մենք չքննարկեցինք` քաղաքում մնալու էինք 6 օր ու չուզեցինք ժամանակ կորցնել մթերք առնելու ու ճաշ եփելու վրա:
Մնում էր նստել ու զանգել առողջարաններ, մեջներից մեր “էկոնոմ” բյուջեին հարմարվող տարբերակ գտնելու համար:

Բացեցինք առողջարաների ցուցակն ու մտքերի մեջ ընկանք: “Արմենիա” ու “Օլիմպիա” ընդհանրապես զանգելու իմաստ չկար` էդքան գումարով մենք ավելի լավ ա Իտալիա գնայինք: Խղճովներից առանձնացրեցինք “Արարատ”, “Գլաձոր”, “Համար Առաջին” ու “Ջերմուկ Աշխարհ” առողջարանները: Քանի որ առողջարանների “բուժում” ծառայությունը չէինք ուզում, “Արարատ”ը ցուցակից ջնջեցինք` իրենք ասացին, որ համարի գինն անպայման ներառում ա բուժական ծառայություններն, իսկ եթե մենք չենք ուզում դրանցից օգտվել, դա մեր գործն ա: “Գլաձորն” ու “ Համար Առաջինն” առանց բուժական ծառայությունների, տաք ջրով ու ցնցուղով սովորական սենյակի համար ուզեցին 12000 դրամ: Գնի մեջ մտնում էր 3 անգամյա սնունդը: Իսկ “Ջերմուկ Աշխարհը” նույնը առաջարկեց 13000 դրամով, բայց տեղեկացրեց, որ  սեպտեմբերի մեկից համարի գինը կդառնա 11000 դրամ: Մնացած առողջարաններում սեպտեմբերից գնային փոփոխություններ չկային:
Մենք էլ մտածեցինք, որ երևի 13000 դրամանոց սենյակը 12000ից լավը կլինի: Ճիշտ ա, 13000ոց սենյակի սանհանգույցի նկարն ինետում մենք տենց էլ չգտանք, բայց դէ էդ գնով հազիվ թե “սովետ” առաջարկեն: Տենց որոշվեց, որ սեպտեմբերից գնում ենք “Ջերմուկ Աշխարհ”:
Մեկնելու նախորդ օրը որոշեցինք զանգել ավտոկայան, ճշտել Երևան-Ջերմուկ երթուղու ժամերը: Առանց չափոզանցնելու` մի ժամ զանգել ենք: Մի համարը զբաղված էր, իսկ մյուսով` պատասխանող չկար: Վերջը մի տղամարդ վերցրեց ու ջղայն ձայնով ասեց, որ տոմսերը նախօրոք ա պետք առնել: Վազեցինք ավտոկայան ու հաջորդ օրը 9.30 պատրաստ կանգնած էինք երթուղայինի մոտ: Ու հենց էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:



Երթուղայինում, բացի վարորդից, նրա օգնականից ու ամուսնուցս`Տիգրանից, մնացած բոլորը կանայք էին, իսկ ճնշող մեծամասնութունը` տարիքով կանայք: Տեսքներից հեչ չէիր ասի, թե գնում են հանգստանալու: Ավելի շուտ կարծես հրավիրված էին ինչ որ երեկույթի` փայփլուն բլուզներով, մազերը տոնական հարդարած, զարդերով ու վառ մեյքափով զինված :
Լավ ա դեռ երթուղայինը լիքը չէր, ետևի մասում նստող չկար, մենակ վարորդի օգնականն էր: Չէինք հասցրել շարժվել, բայց արդեն հասկացանք, որ հանգիստ գլխով Ջերմուկ չենք հասնի: 
Կանայք տեղավորվեցին, ծանոթացան ու… 
- Բա դու վաղու՞ց էս Ջերմուկ գնում:
- Հա, հլը ջահել էի, հիմնարկից ուղարկում էին: Բա դու՞:
- Ես էլ: Հետո որ ամեն ինչ փոխվեց, սկսեցի տուն վարձել:
- Հա, ես էլ: Աջափնյակում եմ մնում, մի ծեր կին ա, արդեն վաղուց իրա մոտ եմ մնում, իրա հին կլիենտն եմ, էլի: Ինքն ինձ էժանով ա տալիս տունը:
- Հա, ես էլ եմ Աջափնյակում, բա ոնց: Ինձ էլ են էժան տալիս: Ուրիշների համար թանկ ա:
- Լավ էր էլի կոմունիստների վախտ…
- Լավ էր, բա ինչ էր: Գնում էինք սանատորի, ծանոթանում էինք շատերի հետ: Ուրախ էր:
- Հա…
- Անծանոթ մարդկանց նստացնում էին մի սեղանի շուրջ, մենք էլ ուրախանում էինք: Հետո միասին պարելու, էքսկուրսիա էինք գնում, խորոված, բան..
- Հա, լավ էր: Դու հիմա մենա՞կ էս գնում:
- Հա, ամուսինս չի սիրում սենց բաներ:
- Ես էլ եմ մենակ:
- Դե լավ ա էլի, կխախանդվենք: Բա անունդ չիմացա, է:
- Ռոզա:
- Ռոզա ջան, իմ անունն էլ Ամալյա ա: Լսի, մարշռուտկի հետևն ազատ ա: Որ գնամ նստարաններին պառկեմ, ի՞նչ կլինի: 
- Ոչ մի բան էլ չի լինի: Գնա առխային պառկի:
- Դե գնամ… Օխա~յ, ինչ լավ ա սենց: Ուզես, հետո վեր կկենամ, քեզ տեղ կտամ:
- Չէ, ոչինչ, ես մենակ պավառոտներին եմ վատանում:
- Հա՞, դե տես: Տղա ջան, հո քեզ չե՞մ խանգարում:
- Չէ, ոչինչ:
- Հա դե տես, թե խանգարեմ, կասես: 
- Ամալյա ջան, հենա մի քիչ առաջ էդտեղ մի հատ սիրուն աղջիկ էր պառկած: Գլուխն էլ դրել էր էդ տղու գոգին:
- Յա~, Ռոզա, բա ի՞նչ եղավ էդ աղջիկը: Ո՞նց մեր տղուն թողեց գնաց: Դե լավ, ես վեր կկենամ, հետ կգա, հա՞ տղա ջան: Լա~վ, մի հուզվի, կատակ ենք անում:
- Ամալյա ջան, բա դու ճոպանուղին նստե՞լ էս:
- Չէէէ, վախում եմ:
- Իսկ ես նստել եմ: Բա կարմրախայտ կերե՞լ ես:
- Չէ:
- Վայ, ոնց թե չէ: Էդքան ժամանակ Ջերմուկ ես գնում ու չե՞ս կերել: Տեղացիներին որ հարցնես, բերում են: Կիլոն 10000 ա: Շատ համով ա: Ես ամեն գնալուց ուտում եմ: Բա դու քանի՞ օրով ես գնում:
- Ինչքան ուզեմ:
- Յաաա…
- Բա դու՞:
- Տասչորս: Հերիք ա՞:
- Հա, ոչինչ:
- Բա դու ո՞ր շենքում էս…
- Բա դու ո՞ր հարկում էս…
- Բա դու սրան ճանաչու՞մ էս…
- Բա դու՞…
- Բա դու՞…
Մի ժամից խեղճ վարորդը չդիմացավ, բողոքեց: Կանանցից մեկն էլ ծիծաղելով ասեց, թե բա ի՞նչ էիր ուզում` երկու կնիկ` մի պրիյոմնիկ, իսկ դու հաշվի, թե էստեղ քանիսն են:

Այ սենց էլ հասանք Ջերմուկ:
Ճանապարհը, Լոռվա ճամփեքի հետ համեմատած, էնքան էլ հետաքրքիր չէր: Արարատյան դաշտն իր այգիներով ու ձմերուկի դաշտերով միալար ձգվում էր Արարատի կողքով մինչև Վայոց Ձոր, որտեղ տեսարանները փոխվում էին կիլոմետրերով ձգվող դեղին բլուրերով: Իսկ հետո հայտնվում ա Արփան: Գետի հետ փոխվում ա բնությունն ու պատուհանից դուրս նայելը դառնում ավելի հետաքրքիր` կիրճ, ժայռեր, տեղ-տեղ անտառածածկ տարածքներ: Իսկ Ջերմուկի մոտ էլի դեղին բլուրներ էին, ուղղակի իրարից երեք-չորս մետր հեռավորության վրա աճած պստլիկ ծառերով:
Երևանից Ջերմուկ մոտ երեք ժամ ա: Մեր վարորդը հանգստանալու կանգնեց Արենիում, ինչի պատճառով Ջերմուկ հասանք երեքուկես ժամում: Երթուղայինի նստատեղերն էլ թեք էին, նստելն անհարմար էր` ցած էինք սահում: Մի խոսքով, անհարմար նստելուց, միալար ճանապարհից ու կանացի “պրիյոմնիկից” նենց էինք հոգնել, որ Ջերմուկ հասանք կիսամեռ ու քիչ էր մնում բաց թողեինք մեր կանգառը: Վարորդը նախօրոք հարցնում էր, ում որտեղ իջացնի ու էն հարցին, թե “Ջերմուկ Աշխարհ” իջնող կա, մենք պատասխանեցինք կարգին ուշացումով:
Իջացրեցինք մեր ռյուկզակներն ու խոստանալով մեզ բարի ճամփա մաղթող կանանց, որ իրանց չենք մոռանա, քայլեցինք վարորդի ցույց տված ուղղությամբ: Շուրջը երանելի ու երկար սպասված լռություն էր…


“Ջերմուկ Աշխարհը” մեզ դիմավորեց իր հին ու կիսաքանդ շքամուտքով: Շշմած նայում էինք աջուձախ ու մտածում, որ վարորդը հավանաբար սխալվել ա: Մեր առջև կանգնած էր երկար, կիսաքանդ մի շենք, որի պատերի վրա պահպանված հայկական մոտիվներով խճանկարներն էին միայն  հիշացնում կառույցի նախկին համամիութենական փառքի մասին: Շենքի վերևի մասում պատուհանները պատված էին ցելլոֆանով, որը տարօրինակ կերպով տատանվում էր քամուց: 
Շենքի միջին մասում դալան նկատեցինք: Անցնելով այն, հայտնվեցինք ծաղիկներով զարդարված ու մաքուր բակում, որտեղ մեծ քանակությամբ նստարաններ էին շարված: Բակի կողմից շենքը հանկարծակի փոխվեց ու առողջարանի տեսք ստացավ: Պատերը ներկած էին, պատուհաններն` ապակիով, իսկ մուտքի դուռը նույնիսկ “եվռո” էր: Մտանք ներս ու քթներիս խփեց հանգստյան տներին հատուկ սառնավուն ու խոնավ հոտը: Մոտեցանք ընդունարանում նստած տղային ու ասացինք, որ նախօրոք զանգահարել ու ասել ենք, որ գալու ենք: Տղան բավականին անջատված տեսքով մեզ գրանցեց ու Տիգրանին մեկնեց թղթի մի կտոր:
- Ձեր ճաշարանի տալոնն ա: Բարձրացեք չորրորդ հարկ, 424 սենյակ:

Մենք էլ բարձրացանք, անվերջանալի երկար միջանցքում գտանք մեր համարն ու պարզվեց, որ դուռը փակ ա: Այ քեզ բան: Սովորաբար աշխատողներն ուղեկցում են հանգստացողին, բացում համարի դուռն ու եթե ամեն ինչ նորմալ ա, նրանց են տալիս բանալին ու նոր գնում: Էդ` սովորաբար: Ջերմուկն, ամենայն հավանականությամբ, անսովոր տեղ ա: Էստեղ “սովորական սենյակ” ուզողներին չեն ուղեկցում` մի կերպ գլուխ կհանեն: Մենք էլ գլուխ հանեցինք: Արդեն պատրաստվում էինք իջնել ընդունարանի աշխատողին բողոքելու, երբ երկար միջանցքի հակառակ ծայրին կապույտ աշխատանքային խալաթով մի կին նկատեցինք: Նա տարօրինակ նայեց մեզ ու մի երկու վայրկյան մտածելուց հետո ասեց, որ հեսա կգա ու գնաց: Մի քանի րոպե հետո վազելով ուրիշ կին եկավ, բացեց դուռն ու, բանալին թողնելով դռան վրա, գնաց: Մտանք լուսավոր ու մաքուր մի սենյակ: Այն բավականին նման էր լուսանկարին, ուղղակի կահույքը մի փոքր մաշել էր, իսկ պատերը` ճաքճքել: Հատակներին փռած էին գույնզգույն գորգեր, որոնց վրայով ջահել վախտերով հաստատ իմ տատիկն էլ էր քայլել:
Դե, մտածեցի, լավ ա, ու բացեցի սանհանգույցի դուռը: Այն, ինչ տեսա, արժանի ա հատուկ ու մանրամասն նկարագրության` պատահական չի, որ “սովորական” համարի սանհանգույցի լուսանկարը համացանցում չկա: Ասեմ ձեզ, պատերի սալիկները սովետի թվերից լավ էլ պահպանվել էին, կարելի էր թանգարան հանձնել ու չամաչել: Իսկ այ խողովակների բախտը չէր բերել` կարգին ժանգոտել էին: Սանհանգույցի ձախ կողմում տնկված երկար-բարակ ցնցուղը տխուր հայացքով նայում էր անդուր ու ճաքճքած, ժանգոտ տռապով ու “մանկական անսպասելիության” գույնի, մաշված մետլախով հատակին, իսկ ժանգոտ խողովակներին կպած երևի թե մոտ հինգ-յոթ տարվա կյանք ունեցող, հետևաբար, անհամեմատ երիտասարդ լվացարանն այնքան ցածր էր, որ կասկածներ էր հարուցում` մարդկանց համար էր, թե` հեքիաթային թզուկների: Պատկերը լրացնում էր ձախ անկյունում դրված խեղճուկրակ, ձեռքից ձեռք անցած ու հաստատ դաժան ու դժվար կյանք տեսած կարմիր թասը:
Դե ինչ, բարի գալուստ, Ջերմուկ “էկոնոմ”:

Առաջին ռեակցիան` թքել հանգստի վրա, վազել ընդունարան, հետ վերցնել գումարն ու փախնել: Ու՞ր: Գուցե “Գլաձորը” կամ “Արարատը” ավելի՞ մարդավարի պայմաններ առաջարկեն: Իսկ գուցե ուղղակի գնալ ու մի նոռմալ սանհանգույցով տու՞ն վարձել: 
Մի տաս րոպե շփոթված կանգնած էինք: Իրանց պահեին “հավելյալ ծառայության” մեջ նշված հեռուստացույցն ու դրա փոխարեն մարդավարի սանհանգույց ապահովեին` ո՞ր դարն ա: 
Դե նենց չէր, որ նման պայմաններ չէինք տեսել: Ուղղակի էդ պայմանների համար մի երկու տարի առաջ վճարել էինք կեսը` 6000 դրամ: Նույնիսկ տեղն ասեմ` Աղավնաձորում: Իսկ Վահագնաձորի “Լոռի”-ում, ուր հենց էս տարի էինք մնացել, “եվռո” սանհանգույցի, մարդավարի սենյակի ու երեքանգամյա սնունդի համար վճարել էինք 8500 դրամ: Օրինակները շատ են: Թեկուզ հենց Վանաձորի մոտի “Թեժ Լեռը”` նոր շենք, մարդավարի, մաքուր ու թարմ պայմաններ` նույն 11000-ով:
Մի խոսքով` լավ չստացվեց, բայց որոշեցինք մնալ ու տեսնել, թե էլ ինչ ա մեզ էստեղ սպասվում` փախնել հա էլ կարանք:



Վերելակում պարզեցինք, որ առողջարանը մենակ մեր համար ա “Ջերմուկ Աշխարհ”: Մնացածի համար այն եղել ա ու կա որպես “Լեչկոմիսիա”: Լավ, թող էդպես լինի:
Վերցրել էինք մեր տալոնն ու փորձում էինք ճաշարանը գտնել: Մի քանի անգամ միջանցքներով աջուձախ վազվզելուց հետո ընդունարանի տղայից հարցրեցինք դրա տեղն ու վերջապես գտանք այն: Ճաշարանը մեզ զարմացրեց, բայց ոչ սանհանգույցի նման: Կաթնագույն ու շականակագույն սփռոցներով ծածկված կոկիկ սեղաններն ու նույն գույնի աթոռները բավականին լավ տեսք ունեին, իսկ սեղանների վրա շարված, թեկուզ և արհեստական, ծաղիկները հավես տրամադրություն էին ստեղծում:
Ուտելիքից էլ բողոքել չէր լինի` ընտրության հնարավորություն էին տալիս թե առաջին և թե երկրորդ ճաշատեսակների հարցում: Իսկ անկյունում դրված սեղանից կարելի էր, կախված նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից, վերցնել  ցանկացած քանակությամբ հաց, թթվասեր, կաթնաշոռ, թխվածք, զեյթուն, ձու, տարբեր աղցաններ, ջերմուկ, կոմպոտ, թթու, մածուն… Երկու տեսակի թեյերը` հասարակ սևն ու ուրցովը, սուրճն ու կաթը նույնպես հասանելի էին ցանկացած քանակությամբ: 
Սպասարկող անձնակազմն էլ շատ լավն էր: Երիտասարդ աղջիկներ ու միջին տարիքի կանայք էին` բոլորն էլ բարի ժպիտներով ու հոգատար, իսկ հազարումի ձևի հանգստացողների հետ այնքան էլ հեշտ չէր, հատկապես մեծամասնություն կազմող, քթները տնկած, Բեռլին կամ քաղսովետ մտած դուրս եկած, Իշտոյան տեսած տատիկ պապիկների հետ: Սեղանների մեր շարքի մատուցող պատասխանատուն էլ տիկին Հռիփսիմեն էր, ումից շատ-շատ գոհ ենք:
Ամեն ինչ էնքան լավ էր, որ մի պահ նույնիսկ կորավ սանհանգույցից ստացված տհաճ տպավորությունը: Բայց… Բայց ամեն ինչ դեռ առջևում էր:




Ճաշելուց հետո քայլեցինք դեպի քաղաքի փոքրիկ լճերն ու ըմպելասրահը: Եղանակը շատ լավն էր` տաք, արև: Օդն էնքան թեթև ու մաքուր էր, որ Երևանի կեղտ ու փոշիից հետո էստեղ մեզ “օդերում” էինք զգում ու հա քուններս տանում էր:
Մի փոքր քայլեցինք լճերի կողքով, բարձրացանք ըմպելասրահ, նույնիսկ ջուրը փորձեցինք ամենացածր ջերմաստիճան ունեցող աղբյուրից` ինչքան ուժ ուներ երկաթի համ էր գալիս: 
Հետո նտեցինք մոտակա այգում, ծառերի տակ ու սկսեցինք մտածել, թե էսքան հաճելի բաների մեջ ինչն ա, որ մեզ էն չի թվում: Ու վերջը հասկացանք` եթե Ջերմուկը վաղուց դուրս ա եկել Սովետից, ապա Սովետը հեչ էլ Ջերմուկից դուրս չի եկել:

Ամեն ինչի մեջ Սովետի հոտն էր զգացվում: Քաղաքում, առողջարաններում, սովետական անուններով փողոցներում դանդաղ զբոսնող  մարդկանց` հանքային ջրերով բուժվելու եկած հիմնականում տարիքով տատիկ պապիկների դեմքերից, խոսակցություններից, ուտելու բամբակ պատրաստող սարքից, նկարվելու համար լճի մոտ տնկած արջի խրտվիլակից… Նման զգացում չէինք ունեցել Հայաստանում մեր գնացած  քաղաքներից և ոչ մեկում:
Հետաքրքիր էր ու շատ տարօրինակ: Նույնիսկ նոր կառուցված հյուրանոցներն ու “Արմենիան” դիմացից փակող “Հայաթը” կամ տեղացիների ասած “Սերժի” հանգստյան համալիրը չէին փոխում իրավիճակն, այլ ընդհակառակը, մի բան էլ խորացնում էին, որովհետև էնտեղ հանգստացողների մեծ մասի սնոբական արտահայտությունով “ժեկ”-ային դեմքերը “եվռոռեմոնտ” շենքերի կապիտալիստական ազդեցությունը հասցնում էին զրոի: Օդում լողում էր Սովետի շունչն ու բոլոր ցուցակների նախավերջին դիրքերում գտնվող Հայաստանի այս քաղաքում ստեղծում ֆանտաստիկ պատկեր` 

Шиpока стpана моя pодная,

Много в ней лесов полей и pек.

Я дpугой такой стpаны не знаю,

Где так вольно дышит человек.

Սովետի շունչը շուտով ճաշարանում էլ հայտնվեց, երբ ի զարմանս մեզ, մեր սեղանին, առանց մեր համաձայնությունը հարցնելու, երկու տատիկ նստացրեցին` առողջարանը լեփ-լեցուն էր, սեղանների քանակն էլ, պարզվեց, սահմանափակ: 
Պատկերացնում եք, նստել եք որևէ կաֆեում կամ ռեստորանում, զրուցելով վայելում եք ձեր ընթրիքն ու մեկ էլ մենեջերը ձեր սեղանին ա նստացնում երկու անծանոթ մարդու ու ձեր զարմացած դեմքերին պակաս զարմացած էլ ինքը չի նայում, թե բա ի՞նչ էիք ուզում, ձևն էսպես ա` շփվեք, ծանոթացեք ու ձեզ պահեք ձեր սեպառատիստական մտքերը` բոլորս պիոներ… օյ, թու~, հայ ենք:
Սովետում բողոքել չի կարելի, մեղավորը, բնականաբար,  դու կլինես: Մենք էլ չբողոքեցինք, ուղղակի չհայտարարված ընդհատակյա գրաֆիկ սահմանեցինք: Քանի որ մեր տատիկները, Շտիրլիցի ճշտապահությամբ, նշված ժամերին էին գալիս ճաշարան, մենք մի ժամ ուշանում էինք ու հանգիստ ուտում մեզ հասանելին` առանց խիստ հետաքրքրասեր ու շատախոս տիկինների, որոնց համար “բա չիմանա՞նք, մի բուռ ազգ ենք” կարգախոսը կյանքի հիմնական շարժիչ ուժն էր:  



Նույնիսկ առողջարանի լողավազանում, որն, այսպես ասած, ժամանակակից ստանդարտներին համապատասխան էր, “հին” երաժշտությունը մի քիչ համը հանում էր ու ականջ ծակում: 



Մի երևույթ էլ “Պարի երեկոն” էր, որ կազմակերպել էին առողջարանում, Ջերմուկում մեր գտնվելու վերջին օրը` կարծես հենց մեզ ճամփելու համար: 

Ընթրիքից հետո մոտակա սրահում երաժշտության ձայներ լսելով, գնացինք էնտեղ ու ի՞նչ տեսնենք: Զուգված-զարդարված կանայք, տատիկներն ու “սպառծիվկեքով” փոքրաքանակ պապիկները խառը խմբերով շարվել էին սրահի պատերի երկայնքով ու տարօրինակ հայացքներով նայում էին իրար: Ռռռոմանտիկա: Լսե՞լ  եք էս երգը`


Пришли девчонки, стоят в сторонке,

Платочки в руках теребят,

Потому что на десять девчонок,

По статистике девять ребят.
А парни важности полны,

Придирчивы ужасно,

И остаются вдоль стены,

Пришедшие напрасно…
Լռիվ կինո էր:
Սրահի կենտրոնում կանգնել էր մի տղամարդ ու եսիմ ինչ էր հայտարարում, բայց ոչ ոք նրան չէր լսում, բոլորը լարված ժպտում էին ու իրարից փախցնում հայացքները: 
Մի փոքր նայեցինք էդ ամենին ու մի տեսակ բարի ժպիտներով դուրս եկանք: Մեկ էլ, հենց էդ պահին, սրահում լսվեց բարձրախոսների խզզոցն ու…
-Լավա~նդա, գոռնայա լավա~նդա, - երգեց Ռոտառուի ձայնն, ու հանկարծ նենց վառ պատկերացրի, թե ոնց մի միայնակ ու աշխույժ պապիկ, աչքերը փայլեցնելով,  մոտեցավ դեռ ճաշարանում, կամ տորֆի պռոցեդուռաների ժամանակ տեսած ու հավանած կարմիր շրթներկով տատիկի ու հրավիրեց նրան պարի: Տատիկն էլ, ամաչկոտ ժպտալով, կոտրատվելով ու քթի տակ փնթփնթալով, թե, վե~, ամոթ ա, եքա մարդ ենք, այնումենայնիվ, համաձայնվեց:


Սովետը “ժամանցի կազմակերպիչի” մոտ էլ էր, որի առանձնասենյակի դռան վրա երևի սխալմամբ չէին գրել “կուլտմասսովիկ”` այդ բառն իրան ավելի կսազեր:

Մի թռուցիկ էինք տեսել ընդունարանում, որի վրա գրված էր, որ էքսկուրսիաներ են կազմակերպվում դեպի Նորավանք, Տաթև, Գանձասար… Գնացել էինք ճշտելու, թե ինչն ինչոց ա:

Ժամանցի կազմակերպիչը` միջին տարիքի ու էլի “ժեկ”-ի դեմքով տղամարղ, լսելով, որ մենք ինչ-որ Գանձասարներից ենք հարցնում, խոժոռվեց:
-Գանձասար, Գլաձորի համալսարան` էդ սաղ գռդոնչիներն են անում, ինձ էդ ուղղությունները չեն հետաքրքրում: Ես շաբաթը մի անգամ կազմակերպում եմ շրջայց Ջերմուկի տեսարժան վայրերով` Արփայի կիրճ, ջրվեժ, ճոպանուղի: Ու էդ բոլորը, դե հասկանում եք, բարձր պրոֆեսսիոնալիզմ ունեցող ուղեկցորդի, այսինքն`իմ մանրամասն պատմություններով: Իսկ էն գռդոնչիներն ուղղակի տանում, ասենք  Գանձասարի մոտ բաց են թողնում, թե հեսա ձեր ուզածը, հիացեք: Ու բան չեն էլ պատմում: Չէ, ինձ էդ չի հետաքրքրում: Հա, մեկ էլ Տաթև ենք տանում: Մենակ կիրակի օրերին: Դե հասկանում եք, ամեն ինչ տեղը տեղին, ուղեկցորդով, ուտելիքով: Գնալ գալը 6000 դրամ ա, միշտ էլ տենց ա եղել: Չէ, տաքսի չի, ոչ էլ Վիլլիս ա, Գազելով ենք տանում ու գնի մեջ ուտելն էլ ա մտնում: Կիրակի էստե՞ղ չեք: Դե մեկ էլ տեսար շաբաթվա մեջ էլի ուզողներ լինեն, թողեք ձեր հեռախոսի համարը, կզգուշացնենք: Բայց էդ դեպքում, հասկանում եք, չէ՞, ավել պիտի վճարեք: Մնացածն ինձ չի հետաքրքրում ու չի վերաբերվում, դե հասկանում եք:
Չէ, չենք հասկանում: Ինչ ա նշանակում, թե ինձ էս կամ էն չի հետաքրքրում: Էս կամ էն ուղղությունները պիտի հանգստացողին հետաքրքրեն, իսկ կազմակերպչի գործը հենց էն ա, որ էդ հետաքրքրությունները կազմակերպի: 
Тили-тили, трали-вали 
Это мы не проходили, это нам не задавали…



Ուսներս թափ տվեցինք ու զարմացած դուրս եկանք: 

Ջերմուկի շրջակայքում ինքներս կզբոսնենք ու մի կերպ յոլա կգնանք առանց իրա բարձր մասնագիտական պրոֆեսսիոնալիզմի: Փառք Աստծո, ինետն ու գուգլը դեռ չեն արգելափակել: 

Ու էդպես էլ արեցինք: 



Եթե դուք էլ մի օր լինեք Ջերմուկում, անպայման գնացեք ճոպանուղի, վերևից հիանալու Արփայի կիրճով ու դեղինից մինչև շականակագույնի բոլոր երանգներով ներկված թավշյա բլուրներով, որոնց վրայով սուլելով անցնում են բազեները: Էնտեղից Ջերմուկի օդանավակայանն էլ ա երևում, իր միակ թռիչքուղղով, որի տակ էլ, պարզվեց, մնացել ա մի հին բնակատեղիի հատված:



Գնացեք Ձախափնյակի Սուրբ Գայանե եկեղեցին /եթե առանց մեքենայի եք, Աջափնյակ- Ձախափնյակ երթուղին շատ լավ ա աշխատում, իսկ Աջափնյակից Կեչուտ գյուղ մեքենաները գնում են համարյա ժամը մեկ/, էնտեղից էլ ոտքով կես ժամում կարող եք հասնել Կեչուտ գյուղի մատուռի մոտ, որը հենց Կեչուտի ջրամբարի կողքին ա: Էնտեղ ա նաև հայտնի մարգարիտկան ու եթե, ի տարբերությում մեզ, ձեր բախտը բերի, կտեսնեք թե ինչ խորն ա թափվում նրա մեջ ջրամբարի ջուրը: 
Կեչուտի ջրամբարը թունելով միանում ա Սևանին ու հենց էդ թունելով են Արփայի ջրերը հոսում ու Ծովագյուղի մոտակայքում լցվում Սևան:

Եթե Աջափնյակը Ձախափնյակին միացնող կամուրջի կողքով գնացող ճանապարհով իջնեք Արփայի կիրճ ու մի փոքր քայլեք, ապա կհասնեք հայտնի “Ջրահարսի վարսեր” ջրվեժին: Ճիշտ ա, ջրվեժը համարյա մնացել ա առանց ջուր` “վարսերի” մի մասը, ըստ տեղացիների, ոռոգմանն ա գնում, մյուս մասը ՀԵԿ-ն ա ցրում… Բայց միևնույն ա, կանգնելով ջրվեժի առջև, չեք կարող չպատկերացնել, թե ինչ գեղեցկություն ա այն ունեցել ժամանակին: Իդեպ, ասում են, որ ջրվեժի երկու երրորդը հենց հանքային ջուր ա:



Ջերմուկի ջրվեժի ասես հեքիաթից վերցրած անվանումը, բնականաբար, ռոմանտիկ պատմություն էլ ունի: Ասում են, որ հին ժամանակներում, երբ ջրվեժը դեռ չի եղել, գետի գլխավերևի ժայռերի վրա մի հզոր իշխանի ամրոց էր կանգնած: Իշխանն ուներ գեղեցկուհի աղջիկ, որի ձեռքը խնդրելու համար շատերն էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Բայց աղջիկը բոլորին մերժում էր, որովհետև սիրում էր հովվի տղային: Իշխանն էլ համաձայն չէր դստեր ընտրության հետ ու նրա համար ավելի “չաղ” բախտ էր ուզում: 
Հոր կամքին հակառակ, աղջիկը գիշերները ձորն էր նետում մի երկար պարան, որով իր սիրելի տղան բարձրանում էր վերև:


Մի օր էլ իշխանը գտնում ա աղջկա թաքցրած պարանը: Սիրտը կասկած ա ընկնում ու ջղայնանալով անիծում ա աղջկան, որ թե մեկ էլ հանդիպի հովվի տղայի հետ, ջրահարս դառնա ու երբեք էլ ջրից դուրս չգա: 
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող կանգնացնել: Հաջորդ գիշեր աղջիկը պարանի փոխարեն իր երկար վարսերն ա կախում ամրոցի պատուհանից ու հենց տղան կպնում ա դրանց` տա-դաաամ, իշխանի անեծքն իրականանում ա: Աղջիկը ջրահարս ա դառնում, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը` ջրվեժ: 


Կեչուտից հետո հաջորդ գյուղը Գնդեվազն ա, որի մոտերքում էլ գտնվում ա Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիրը: Մենք էնտեղ հասանք տաքսիով ու վարորդի հարցում էլ բախտներս բերեց` շատախոս, բայց հետքրքիր տղա էր` ամբողջ սրտով փորձում էր ուղեկցերդի գործն էլ անել` ինչ գիտեր, պատմում էր:

Օրինակ ասում էր, որ գնդեվազցիները շատ նման են ապարանցիներին` նրանց նման պարզ ու միամիտ են: Ինչքանով են պարզ, չգիտեմ, բայց որ միամիտ չեն, էդ հաստատ: Էն հարցին, ինչն ա սկզբում եղել` հավը թե ձուն, գնդեվազցիք, ի տարբերություն մնացածի, ունեն շատ կոնկրետ ու հստակ պատասխան:

Գնդեվազի մոտ թռչնաբուծարան կա, որի մուտքի մոտ մի սյուն ա կանգնած: Ջերմուկ գնալու ճանապարհին նկատել էի էդ սյունն ու սյան վրա տնկած գունդը, բայց չէի հասկացել թե դա ինչ ա: Պարզվեց` սյան վրայի գունդը հեչ էլ գունդ չի, ձու ա: Բա~: Ամեն ինչ սկսվել ա ձվից: Իմացեք:
Իսկ Գնդեվանքի ճանապարհը իսկական հեքիաթ էր: Հատկապես` Ջերմուկի հին ճանապարհը: Մի կողմից Արփայի կիրճն էր, իրար փոխող զարմանալի տեսարաններով, իսկ մյուս կողմից` ճամփայի վրա ծանր կախված ժայռերը, որոնցից տեղ-տեղ մեծ կտորներ էին պոկվել ու ընկել հենց նեղլիկ ճանապարհի վրա: Էդ ընկած ժայռակտորների պատճառով էլ հիմա Ջերմուկի հին ճանապարհի մի մասը փակ ա ավտոմեքենաների համար: Մյուս մասն էլ օգտագործվում ա մենակ Գնդեվանք գնալու համար: Մեկ էլ գյուղացիներն են նրանով իջնում կիրճ` իրենց հողակտորներին տիրություն անելու: 

Տաքսիստը, մատնացույց անելով հին ճանապարհի ասֆալտը, պատմեց, որ դա փռել են Հայրենական պատերազմի ժամանակ գերմանացի գերիներն ու դրանից հետո ճանապարհը չի վերանորոգվել: Ասեմ ձեզ, ասֆալտը համարյա չէր զիճում Երևանի հենց նոր փռած ասֆալտին ու ի տարբերություն վերջինի, էսքան տարի համարյա չէր մաշվել: 



Գնդեվանքը, որը գտնվում ա Գնդեվազից դեպի արևմուտք, Արփայի ձախ ափի ձորալանջին, 931-938թթ-ին կառուցել ա Սյունյաց իշխան Սմբատի կինը` Սոփիան, որը նաև Գագիկ Ա Բագրատունի թագավորի քույրն էր ու Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի աղջիկը: 


Վանքի պատին արձանագրություն կա, որն ասում ա հետևյալը` “ Վայոց Ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան”: 
Լեգենդները պատմում են, որ երբ իշխանուհին արդեն վանքն ավարտելու վրա էր, սպառվում ա նրա կարողությունն ու վանքի գմբեթի վերջին քարերի համար միջոց չի մնում: Շինարարությունը շարունակելու համար Սոփիան վաճառում ա իր ականջի թանկարժեք գինդերն ու էդ պատճառով էլ վանքն անվանում են Գնդեվանք: 
Վանքը հիմնադրվել ա որպես ճգնավորների մենաստան Խորաձոր կոչվող սուրբ վայրում, որտեղ զարմանալի բժշկություններ էին կատարվում: Հետագայում վանքի շուրջը կառուցվել ա պաշտպանական աշտարակավոր պարիսպ` բնակելի ու տնտեսական շինություններով, ջրանցք ու սեղանատուն իրա նկուղով:
Մեր այնտեղ լինելու ժամանակ վանքում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում ու տեղի հոգևորականները, բանվորների հետ հավասար, աշխատում էին:

- ՉէՊէ-էշնիկ քահանաներին ստեղ են ուղարկում,- ծիծաղում էր մեր տաքսիստը:
Բակում, երևի վերականգնողական աշխատանքների հետ կապված, խառը շարված էին մեծ քանակությամբ սիրուն խաչքարեր, հետաքրքիր քանդակներով տապանաքարեր, իսկ գմբեթի զանգը կախված էր հենց եկեղեցու մուտքի մոտ աճած մի ծառից:
Եկեղեցում մոմ վաճառող չկար, դրանք ուղղակի դրված էին սեղանին, ինչը շատ անսովոր ու մի տեսակ բարի էր: Ցանկություն առաջացավ անպայման մոմ վառել, մենք էլ մանրը թողնելով սեղանին, երկու հատ վերցրեցինք:




Ջերմուկ վերադառնալու ճանապարհին մեր վարորդը քշեց Կեչուտի միջով ու մեզ ցույց տվեց գյուղի սրբատեղին: Դա մի փոքրիկ քարանձավով կարմրավուն ժայռ էր, որի մեջ վերևներից ջուր էր կաթկթում:


Տաքսիստն ասեց, որ գյուղացիները պատմում են, թե հնագույն ժամանակներում ժայռի վրայից մի հովիվ էր ընկել: Կիսամեռ վիճակում խմել էր ժայռից եկող ջուրն ու հրաշքով ապաքինվել: 

Ընդհանրապես Ջերմուկում ու նրա շրջակայքում բուժիչ ջրերի մասին պատմությունները շատ են: Մեկն էլ մի եղնիկի մասին ա, որը արյունաքամ լինելով ու վերջին ուժերով որսորդից փախնելով, իրան գցում ա աղբյուրի մեջ ու ջրից դուրս ա գալիս առողջ ու ապաքինված: Տեսնելով էդ, որսորդը բաց ա թողնում եղնիկին ու վազում հրաշքի մասին բոլորին պատմելու: Էդպես “Անմահական” ջրի համբավն աշխարհե-աշխարհ ա տարածվում, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում ա Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը:




Բայց շեղվեցի: 


Ուրեմն, մտանք Կեչուտի փոքրիկ սրբավայր-քարանձավն ու խորքում, իրար կպած, մի մեծ խուրձ վառվող մոմեր տեսանք: Մեր վարորդը հանկարծ ջղայնացավ:
- Եկեղեցուց մոմ են բերում ու թողնում էս քարի վրա: Մարդիկ էլ մոմը վերցնում վառում են, մանրը դնում տեղն ու իրանց աղոթքն անում գնում են: Տեսնես էս ո՞ր անշնորքն ա սաղ մոմերը բիրիքով վառել ու փող էլ չի թողել: Հաստատ տեղացի չի…

Սրբավայրի պատին, մյուսների նման, մենք էլ պստլիկ քար կպցրեցինք, երազանք պահեցինք ու ոլոր-մոլոր ճամփայով վերադարձանք Ջերմուկ, հաջորդ օրն էլ` Երևան: 

Հետևում թողեցինք Հայաստան աշխարհի մեզ համար մի փոքր բացահայտված ևս մի տարածք ու հետներս տարանք իրարամերժ զգացումներ, վառ հիշողություններ ու լուսանկարներ, լուսանկարներ, լուսանկարներ…



Ահա եվ վերջ:
Եթե երբևէ լինեք Ջերմուկում ու հանկարծ մեր պես նույն “սովետական” զգացողություններն ունենաք, մի տխրեք: Անպայման գնացեք քաղաքից դուրս: Իջեք Արփայի հեքիաթային կիրճը, բարձրացեք շրջակայքի բլուրները: Մի փոքր նստեք բնության մեջ` սուր-սուր ժայռեռի տակ, անտառներում կամ բարձր սարերին… նայեք երկնքում հպարտ ճախրող բազեներին, դաշտերում խաղաղ արածող ձիերին, լսեք բազմաթիվ ջրվեժների կչկչոցն ու կհամոզվեք, որ էստեղ չի հասնում ոչ մի քաղաքականություն, ոչ մի սովետ կամ կապիտալիզմ: Քաղաքից հեռու` սարերում, բնության մեջ լռիվ ուրիշ քամի ա փչում, լռիվ ուրիշ արժեքներով քամի…




p.s. ուղղակգրական ու կետադրական սխալներիս համար չքարկոծել` հարստանամ, խմբագիր կվարձեմ ;)

No comments:

Post a Comment