Tuesday, 19 June 2012

Արջուկը հյուսիսում


Մայրիկիս խոհանոցային տետրերից մեկում հայտնաբերված բաղադրատոմսով պատրաստված այս թխվածքը բոլորովին չի համապատասխանում իր անվանը: Ով և ինչու ա այն այսպես անվանել` անհայտ ա: Թխվածքը բոլորովին էլ արջուկի տեսք չունի… առավել ևս` հյուսիսում գտնվող արջուկի :)
Իդեպ, այս անվանումը բավականին տարածված ա եղել սովետական ժամանակաշրջանի խոհանոցային գրքերում և <<տատիկի>> տետրերում: Այնպես որ չզարմանաք, եթե մի այլ տեղից գտնեք նույն անվանումով, բայց բոլորովին ուրիշ բաղադրատոմսով, ուրիշ տեսքի ու ձևի <<արջուկ հյուսիսում>> :)


Ասեմ ձեզ, թխվածքի տեսքից մի վախեցեք: Այն անհամեմատ հեշտ ա պատրաստել, քան թվում ա առաջին հայացքից: Ու լավ միջոց ա հմուտ հրուշակագործի տպավորություն թողնելու` այդ ամենից բավականին հեռու գտնվողի համար ;)


<<Արջուկի>> համար անհրաժեշտ ա 4 հատ ձու, ¾ բաժակ շաքարավազ` խմորի (բաժակը 200 գրամ ա) և կես բաժակ շաքարավազ էլ բեզեի համար, 150-200գ կարագ, ¾ բաժակ թթվասեր (կամ 200գ թթվասերից հանած մեկ ճաշի գդալ), կես թեյի գդալ սոդա, կես բաժակ ոչ շատ մանր կտրատած ընկույզ ու 3 բաժակ ալյուր:

Զգուշորեն անջատեք ձվի դեղնուցը սպիտակուցից: Խմորի համար մեզ դեղնուցներն ա պետք, իսկ սպիտակուցները պահեք սառնարանում:
Շաքարավազը մի լավ հարեք կարագի հետ: Վրան` շարունակելով հարել, ավելացրեք դեղնուցները, թթվասերն ու սոդան: Վերջում` ալյուրը: Ստացված խմորը մի փոքր տրորեք,  բաժանեք 3 մասի և ծածկեք սրբիչով, որ չչորանա:

Հանեք սառնարանից սպիտակուցները, զինվեք հարիչով և համբերությամբ ու` առաջ ;) Հարեք այնքան, մինչև բեզե ստանաք: Հետո, շարունակելով հարել, քիչ-քիչ ավելացրեք կես բաժակ շաքարավազը: Հարեք այնքան, որ բեզեն պնդանա ու ամանը շրջելիս չշարժվի: Պատրաստ բեզեն նորից դրեք սառնարան:

Ըհը, հասանք ամենաբարդ պահին` մեզ գրտնակ ա պետք ;) Երևի շատերը կասեն, որ գրտնակելու հետ, փափուկ ասաց, չունեն: Ես էլ ;) Բայց ամեն ինչ հաղթահարելի ա :))) Վերցրեք խմորի մի գունդ, դրեք ալյուրոտ սեղանին ու մատերով բացեք այնպես, որ շրջանակ ստացվի: Հետո ալյուրոտեք գրտնակն ու փորձեք տարածելով մեծացնել շրջանակը: Մեզ պետք ա ստանալ մոտ 24սմ-ոց կլոր շերտ: Եթե արդյունքն այնքան էլ գոհացնող չի ու շերտը տձև ա ստացվել` հոգ չի: Վերցրեք դանակն ու տվեք շերտին այն տեսքը, որը ձեզ պետք ա: Ավելացած խմորը կիսեք մյուս 2 գնդերի միջև: Իսկ եթե այն շատ ա` կողք դրեք: Մյուս գնդերից ավելացած խմորի հետ դուք պարզապես կստանաք 4-րդ շերտը :)
Եթե ձեզ ավելի հեշտ ա խմորը քառակուսի կամ ուղղանկյուն բացել, ապա այդպես էլ արեք:

Բացեցի՞ք գնդերը: Կարծում եք, շերտերը հատ-հատ պիտի թխե՞ք: Հե-հե~:
Վերցրեք ջեռոցի մի աման, որը գոնե 5սմ մեծ ա խմորի շերտից: Դրա վրա թխվածքի համար նախատեսված թուղթ փռեք և վրան դրեք առաջին շերտը: Վրան լցրեք մի քիչ ընկույզ ու քսեք բեզեն: Հետո առաջին շերտի վրա դրեք երկրորդը: Այո, այո, հենց բեզեի վրա էլ դրեք: Վրան նորից ընկույզ լցրեք ու տարածեք բեզեն: Ու այդպես բոլոր շերտերի հետ, բացի վերջինից:

Թխվածքը դրեք նախօրոք 180-ի վրա միացրած ջեռոցն ու թխեք 15-20 րոպե: Ջեռոցում <<արջուկը>> կկորցնի բարձրությունը, բայց կտարածվի:
Թխվելուց և սառելուց հետո <<արջուկի>> վրա կարելի ա հալեցրած շոկոլադ կամ մեղրաջուր լցնել ու զարդարել ընկույզով:
Իդեպ, կես բաժակ ընկույզը կարելի ա փոխարինել կես բաժակ արևածաղկի (բնականաբար մաքրած) սերմերով:


Այսքան բան ;)


իմ էջը Facebook-ում :) 

No comments:

Post a Comment