Tuesday, 12 June 2012

Թե ինչու որոշեցի բլոգ գրել կամ գազարով կեքս ;)


Ինչու՞ որոշեցի բլոգ գրել: Դե~:  
Չգիտեմ ով ոնց, բայց ես ուտել սիրում եմ: Պատրաստել էլ: Ուղղակի կա մի պրոբլեմ: Համբերությունս չի տալիս երկար - բարակ տնկվել խոհանոցում: Իսկ գտնել համեղ ուտեստի բաղադրատոմս, որը համ էլ արագ ա պատրաստվում, այնքան էլ հեշտ բան չի: Ստիպված եմ լինում ժամերով փորել համացանցը կամ տանջել ծանոթներիս` իմ ուզածը գտնելու հույսով: Ճիշտ էք, այդ նույն ժամանակը կարող էի ծախսել վերը նշված <<երկարատև>> ուտեստի պատրաստման վրա, բայց.. Բայց :)
Մի օր էլ որոշեցի, որ գուցե կան մարդիկ, որոնց իմ գրառումները պետք կգան: Իսկ եթե ոչ… Դե ինչ, մի առավելություն այս բլոգն ինձ կտա` չեմ կորցնի գտածս բաղադրատոմսերը ;)

Հա, իդեպ, 10րդ դասարանում երկու ամիս հայոց լեզու եմ պարապել կրկնուսույցի հետ և ԲՈՒՀ ընդունվելու քննությանը ստացել 17 միավոր: Կարծում եմ, վատ արդյունք չէր: Բայց դա վաղուց էր ;) Դրանից հետո, ցավոք, այնքան էլ շատ առիթ չեմ ունեցել երեք կամ չորս նախադասությունից ավել գրել հայերեն: Այնպես որ բոլոր նրանց, ովքեր (մեկ էլ տեսար) կարդան այս ամենը, նախօրոք խնդրում եմ ներողամիտ վերաբերվել թույլ տված սխալներին:
Մի բան էլ... չեմ խոստանում, որ կգրեմ միայն խոհանոցի մասին ;)

Եվ այսպես, սկսեմ գազարով կեքսից:
Google-ը կեքս բառը թարգմանեց որպես թխվածք: Անթույլատրելի սխալ: Չգիտեմ ինչպես ա իրականում  հայերենում կեքսը, բայց դա այս պահին այնքան էլ կարևոր չի: Կարևորն էն ա, որ մի օր, երբ կրկին թափառում էի համացանցում, հանկարծ ուշադրությունս գրավեց մի կեքս, որի մեջ 400 գրամ գազար կար: Կարծում էք, ուտելու բան չի՞: Օ ոչ:
Բաղադրատոմսը պարզ էր, պատրաստելու եղանակը` նույնպես: Էնպես որ ես ինձ համար փոքրիկ հայտնագործություն արեցի: Գազարով կեքսն իմ կերած կեքսերից ամենահամովների ցուցակում գրավեց իր արժանի տեղը:

Գազարով կեքս

Անհրաժեշտ ա 4 հավկիթ (այսինքն`ձու), 2 բաժակ (այս բաղադրատոմսում բաժակը 200 գրամ ա) շաքարավազ, 185մլ բուսայուղ (թխվածքներում ես օգտագործում եմ եգիպտացորենի ձեթ), 2+1/3 բաժակ ալյուր, ¾ թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ մանր աղացած դարչին, մի բուռ ոչ շատ մանր կտրատած կամ մեծ-մեծ աղացած ընկույզ, 1թեյի գդալ մանր աղացած մշկընկույզ (мускатный орех), և 400գ գազար:

Հավկիթները պետք ա հարել շաքարավազի հետ, հետո վրան ավելացնել ձեթը, ընկույզները, դարչինը, աղն ու մանր քերած գազարը: Այնուհետև եղածի վրա լցնում ենք ալյուրը  (անպայման մաղեք, թխվածքն ավելի լավը կստացվի, փորձած ա ), սոդան և անպայման խառնում գդալով: Համը չհանեք, շատ խառնելուց մաղած ալյուրի <<էֆեկտը>> կանհետանա:
Ջեռոցը պետք ա նախօրոք միացնել 180-ի վրա և, եթե ունեք այդ հնարավորությունը, միացրեք միայն ներքևի տենը:
Այս կեքսը ցանկալի ա թխել այսպիսի ամանի մեջ` այն մի լավ ձեթոտելուց հետո, իհարկե:
 
Թխվելու ժամանակը կախված ա ձեր ջեռոցից: Ինձ մոտ այն պատրաստ ա լինում 40 րոպեից:
Կեքսը լավ բարձրանում ա` համարյա կրկնակի: Իսկ հոտը… Ը~մ…


   Մնացածը չնկարագրեմ: Եթե մեկնումեկը որոշի սա պատրաստել, կհասկանա, որ խոսքերն ավելնորդ են: Ուտել ա պետք ;)




իմ էջը Facebook-ում :) 

3 comments:

  1. Chshtn asac skzbum gazarov sex kardaci heto haskaca vor xosqe keqsi masina :)
    Gazar???? Porcel e petq

    ReplyDelete
  2. Ի՛նչ հավես ա, Հաս!!! Գրանցվեցի քո բլոգին :) Ինձ էլ ա պետք cooking սովորել...

    ReplyDelete
  3. հե, սովորենք միասին ;)

    ReplyDelete